Մայիսի 25-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Նոյեմբերյան խոշորացված համայնքի խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում: Մասնակիցների թվում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,
Նոյեմբերյանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքում գործող բանկերի մասնաճյուղերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի նպատակներն ու խնդիրները, որին հաջորդեց համայնքային մի շարք խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում և քննարկում: Մասնավորապես անդրադարձ կատարվեց սահմանամերձ բնակավայրերում գործող հարկային արտոնությունների արդյունավետությանը, բնակարանաշինության, գյուղատնտեսության և քաղպաշտպանության ոլորտներում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի թույլ և ուժեղ կողմերին: Նախարարությունների՝ հանդիպմանը մասնակից ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկված լուծման տարբերակները գրավոր ներկայացնելու համապատասխան նախարարություն՝ անհրաժեշտ փոփոխությունների հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Հանդիպման երկրորդ հատվածում քննարկվեց առաջարկվող մի շարք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկում էր առաջարկներ ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ՀՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ Պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման մեջ լրացում կատարելու մասին: Փաթեթը կուղարկվի համապատասխան նախարարություններ՝ դիտարկման և հետագա քննարկման նպատակով:
Հանդիպման ավարտին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նախապատրաստվեց «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրում» լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որն այժմ լրամշակման փուլում է և առաջիկայում կներակայացի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: