«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ–ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպում է աշխատանքային այցեր արտերկրի հայկական համայնքներ` Տավուշի մարզ ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով: Հերթական աշխատանքային այցը կազմակերպվել էր Լիբանան՝ գյուղ Անջար:
Մայրաքաղաք Բեյրութից շուրջ 50կմ հեռավորությամբ տեղակայված և ամբողջությամբ հայերով բնակեցված Անջար գյուղը հիմնադրվել է 1939թ. Մուսա Լեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից: 2400 մշտական բնակչությամբ Անջարը երբեմնի ճահճապատ տարածքներից վերածվել է իսկական դրախտավայրի: Ակտիվ մշակութային, մարզական ու կրթական կյանքից զատ` գյուղի համար հատկանշական են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Գյուղը հարուստ է պտղատու այգիներով ու բանջարեղենի դաշտերով, որոնցից ստացված բերքը տեղի բնակչության կարիքները հոգալուց բացի արտահանվում է նաև հարևան երկրներ:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Անջարի հայկական համայնքի ներկայացուցիչների և գյուղի ղեկավար Վարդգես Խոշյանի հետ: Պետական մտածելակերպով մեծ հայրենասերը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Լիբանանի սրտում իր տունը կառուցած հայկական փոքր համայնքի խնդիրները: Քննարկվեցին սոցիալ-տնտեսական ոլորտում Տավուշի մարզի և Անջար գյուղի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել պարոն Խոշյանի փոխադարձ այցը Տավուշի մարզ: Անջարի հայ գործարարների կողմից Տավուշի մարզում ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով նախապատրաստվում են բիզնես առաջարկներ, մշակվում են նաև պլաններ Լիբանանից հայ երիտասարդ ընտանիքներին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում վերաբնակեցնելու ուղղությամբ:


