«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի աշխատանքային խմբի և ծրագրի կառավարման խորհրդի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման բուն նպատակն էր քննարկել ծրագրի ընդհանուր կառուցվածքը, ակնկալվող արդյունքները, հաշվետու ժամանակահատվածում (2017թ. հունվար-հունիս) կատարված աշխատանքները և հետագա գործողությունների համար մշակված և թարմացված աշխատանքային պլանը:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնող փորձագետների կողմից ներկայացվեց հիմնական ոլորտների և ենթաոլորտների արժեշղթայի բաղադրիչները, ֆերմերային տնտեսությունների վերաբերյալ ելակետային տվյալները: Ներկայացվեցին դասընթաց-խորհրդատվության հիմնական թիրախային խմբերը և Տավուշի մարզում կարողությունների զարգացման գործողությունների մասնակիցների ընտրության չափանիշները:
Քննարկման ընթացքում աշխատանքային խումբը մատնանշեց հետազոտության ընթացքում հայտնաբերված խնդիրները, ինչպես, օրինակ՝ ֆերմերների քիչ տեղեկացվածությունն ու նրանց մասնագիտական ունակությունների պակասը, արտադրական փոքր ծավալները, արժեշղթայի թույլ զարգացվածությունը: Քննարկման մասնակիցները ներկայացրին հիմնական առաջարկություններն ու դատողությունները, որը ենթադրում է՝ ապահովել արտադրման մեծ ծավալներ, ունենալ անհրաժեշտ կապեր և ապահովել ապրանքների համատեղ իրացում: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել արտադրական ժամանակակից տեխնոլոգիաներին և այլ նորարարություններին (օրինակ՝ հակակարկտային կայաններ և այլընտրանքային էներգիայի աղբյուրներ):




